Արքայազն Լոտոսը

Այս մասին ինձ պատմել է մի փոքրիկ ձկնիկ: Մենք հանդիպեցինք ծովափին: Նա պառկած էր առափնյա ավազուտին և անհանգիստ հևում էր: Բանն այն է, որ այդ օրը ծովը սաստիկ փոթորկահույզ էր, ուժգին քամին դեպի ափն էր քշում անթիվ ալիքներ: Երևի դրանցից մեկի հետ ափ էր նետվել և խեղճ ձկնիկը, իսկ երբ ալիքը ետ էր քաշվել, նա անօգնական ընկած էր մնացել ավազի վրա: Նա այնքան գողտրիկ էր, արծաթե թեփուկները արևի լույսից մեկընդմերթ տարբեր երանգներ էին ստանում ու փայլփլում: Ես ափիս մեջ առա ձկնիկին և իջեցրի ջուրը: Ես ուզում էի, որ նա վերադառնա իր հայրենի տուն և ուրախացնի հարազատներին. նրանք երևի կարգին անհանգստացել էին: Ձկնիկը նախ հարբածի պես երերաց, ապա խորը շունչ քաշեց և ուշքի եկավ: Հետո կլոր, պլշած աչուկներով ինձ նայեց ու… ես լսեցի:

_Շնորհակալությու՛ն, բարի՛ աղջիկ…

Մինչև կհասցնեի հասկանալ, թե ինչն ինչոց է՝ նա ճկուն պոչիկը շարժելով անհետացավ կապույտ ալիքների մեջ: Ես մտատանջվելով գնացի տուն: Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, այդ խոսքերն իրո՞ք ձկնիկն ասաց, թե ինձ պարզապես թվացե էր: Ախր մեծերն ինձ ասել էին, որ ձկները չեն խոսում: Միայն հաջորդ օրը հասկացա, թե որքան սխալ է այդ կարծիքը: Առհասարակ բոլոր կենդանիներն էլ և՛ զգում են, և՛ խոսում: Միայն թե երբ մարդիկ մեծանում են,  նրանց դադարում են լսելի լինել Կախարդական Աշխարհի ձայները և նրանք մոռանում են այն ամենը, ինչ լսել ու տեսել են այնտեղ:

… Եվ այսպես, սիրելի ընթերցող, ինչպես երևի արդեն գուշակում ես, հաջորդ օրը ես գնացի լողափ՝ հենց այն վայրը, որտեղ հանդիպել էի ձկնիկին: Բայց նա չէր երևում, ես նստել էի մի մեծ քարի, որի շուրջն ասես պար էին բռնել խենթուկ ալիքները: Կարծես երեկ չէր, որ կատաղի կերպով զարնվում էին իրար, այսօր նրանք խաղաղ զրուցում, զվարճանում էին: Հանկարծ ես նկատեցի մի արծաթե ցոլք, որը հայտնվում էր մեկ այս, մեկ այն կողմում: Շունչս պահեցի, մի՞թե չեմ սխալվում, մի՞թե իմ բարեկամ ձկնիկն է: Ահա նա իր փոքրիկ գլուխը հանեց ջրից, մի պահ նայեց ինձ ու մանրիկ ծիծաղեց.

_Ողջու՛յն, բարի՛ աղջիկ, ես սպասում էի քեզ:

Այո՛, այլևս կասկած չկար: Երեկ ես իսկապես նրա զնգուն ձայնն էի լսել: Ես ինձ չկորցրեցի.

_Բարև՛, ձկնի՛կ, ինչպե՞ս ես…

_Հիանալիիի՜,_նա հրճվանքով խայտաց ջրում,_գիտես ինչ, ես երբեք աղջիկ բարեկամ չեմ ունեցել, դու կուզեի՞ր իմ բարեկամը դառնալ._հանկարծ հարցրեց նա:

_Դե իհարկե, այն էլ ինչպե՜ս, ախր ես էլ ձկնիկ-ընկեր չեմ ունեցել:

_Մենք ամեն երեկո կհանդիպենք, և ես քեզ հետաքրքիր բաներ կպատմեմ մեր աշխարհի մասին: Ես շատ պատմություններ եմ լսել իմ տատից, նա մի շատ իմաստուն ձուկ է: Ուզու՞մ ես իմանալ Սպիտակ թագավորի պատմությունը:

_Ըհը՛._գլխով արեցի ես և ավելի հարմար տեղավորվեցի քարին: Ահա այդպես էլ այդ պատմությունը հայտնի դարձավ ինձ և այդ մասին է, սիրելի ընթերցող, որ այժմ ուզում եմ պատմել քեզ…

_Ծովի հատակում մի հսկա դղյակ կար,_սկսեց ձկնիկը._Այն կառուցված էր միլիոնավոր շողուն մարգարիտներից: Դա Ծովի Տիրակալի ապարանքն էր: Ինքը՝ Ծովի Տիրակալը ամենաիմաստուն ու խելացի ձուկն էր ամբողջ ստորջրյա աշխարհում:Նա արդարադատ էր ու խիզախ. Ահա թե ինչու նրան ատում էին շնաձկները՝ մեր ցեղի ոխերիմ թշնամիները: Նախկինում նրանք անպատիժ ասպատակում ու թալանում էին մեր տները, փախցնում ու կուլ տալիս ձկներին: Բայց Ծովի Տիրակալի գահակալության օրոք ամեն ինչ փոխվեց: Նա այդ ավազակ շնաձկներին վտարեց երկրի սահմաններից դուրս՝ ծովի ամենամութ ու խոր անկյունները: Նրանք չհաշտվեցին դրության հետ և վրեժխնդրության ծրագրեր էրին հորինում, բանսարկություններ մոգոնում:

Վերջին ժամանակներս Ծովի Տիրակալը տրտում էր, երբեմն ժամերով անխոս զբոսնում էր ընդարձակ պարտեում: Ակնհայտ էր, որ ինչ-որ ցավ տանջում է նրան: Բանն այն է, որ Տիրակալը թագաժառանգ չուներ: Նա արդեն ծեր էր ու զգում էր, որ ուժերը քիչ-քիչ պակասում են: Նա վախենում էր, որ իր մահից հետո շնաձկների բանակը կարշավի դեպի իր երկիր և կավերի ամեն ինչ: Ծովի Տիրակալի սիրտը ցավից կտոր-կտոր էր լինում, բայց նա ոչ ոքի չէր վստահում իր վիշտը:

Եվ ահա մի օր դղյակի դարպասների մոտ ճռնչալով կանգնեց մի տարօրինակ կառք: Այնտեղից դուրս եկավ մի էլ առավել տարօրինակ այցելու: Նրա կոր ուսերին ծովի մուգ ջրիմուռներից հյուսված կնգուղավոր թիկնոց կար: Նա վստահ մոտեցավ դարպասին և ամուր բախեց այն:

_Հայտնեք Ծովի Տիրակալին, որ ես ուզում եմ խոսել իր հետ,_կիսաձայն ասաց նա դղյակի պահակազորի սպային՝ իշխան ձկանը…

_Ներկայացե՛ք, ո՞վ եք և ինչ խնդրով…

_Արա՛ այն, ինչ հրամայված է,_վրդովված ֆշշացրեց տարօրինակ այցելուն:

Ինչ խոսք, այս կեչպ ոչ ոք չէր համարձակվում խոսել հարգարժան սպայի հետ: Նա ուր որ է պատրաստվում էր զայրագին փնչացնել ու կանչել պահակախմբին, երբ այցելուն փոքր-ինչ ետ տարավ դեմքը սքողող կնգուղը: Սպան նշմարեց դեղին, խոշոր աչքերի ծակող հայացքը: Անկասկած, դա Գերագույն Վհուկն էր: Սպան պատվի առավ ու հապշտապ ասաց.

_Ինչպես կհրամայե՛ք, տիկի՛ն,_ Եվ շտապեց Տիրակալին լուր տալ հյուրի մասին:

Տիրակալը հյուրին ընդունեց իր ամենաշքեղ դահլիճում և գրկաբաց ընդառաջ գնաց նրան:

_Օ՜, ամենաջերմ ողջույններս մեր երկրի ամենագետ ու հզոր կախարդին: Ի՞նչ բարեբեր հոսանք է քեզ առաջնորդել ինձ մոտ:

_Ես եկել եմ, որովհետև կանչել ես ինձ:

_Ի՞նչ… կանչե՞լ եմ… ի՞նչ ես սուզում ասել:

_Այո, բարեկա՛մս… ես միշտ այնտեղ եմ, որտեղ հարկավոր եմ: Մի՞թե դու մոռացել ես, որ ես հեռու-հեռվից անգամ կարդում եմ մտքերը: Իսկ նրանք միշտ էլ ավելի պերճախոս են, քան շուրթերը… Դե ասա՛, այդպես չէ՞ՙՙ, բարեկամս:

Վհուկը խուզարկու հայացքով նայեց Տիրակալին: Նա միայն գլխահակ հառաչեց:

_Ես բերել եմ այն, ինչը կօգնի քեզ…_և Վհուկը թիկնոցի ծալքից հանեց մի սրվակ:

_Տուր այս ամոքիչ հեղուկը Տիրուհուն և շուտով ժառանգ կունենաս: Նա կդառնա ազնիվ և ուժեղ առաջնորդ քո ժողովրդի համար:

Այս ասելով՝ Վհուկը սրվակը խոթեց ուրախությունից շշմած Տիրակալի ձեռքն ու հավաքելով փեշերը՝ արագորեն չքացավ շքամուտքում:

Շուտով թագաժառանգի ծննդյան լուրը տարածվեց երկրով մեկ, բոլորը ցնծում էին ու խնջույքներ անում: Այդ մասին չգիտես ինչպես իմացան նաև շնաձկները: Նրանք ատելությունից թպրտացին ու ժնգժնգացրին թունոտ ատամները: Նրանք քուն ու հանգիստ կորցրած՝ մտմտում էին տիվ ու գիշեր, թե ոնց կործանեն նորածին արքայազնին: Շատ մտածցին ու հնարը գտան:

Ահա այսքանը պատմեց ձկնիկն առաջին օրը: Մենք բարի գիշեր մաղթեցինք միմյանց ու բաժանվեցինք՝ պայմանավորվելով հանդիպել վաղը:

Ինչպես կռահում է իմ ուշիմ ընթերցողը, հաջորդ օրը ես պայմանավորված ժամից էլ կանուխ ժամադրավայրում էր: Շատ էի ուզում իմանալ, թե հետո ինչ պատահեց արքայազնին:

_Ասում էին, որ արքայազնն անսովոր ու գեղեցիկ տեսք ունի, նա ամբողջովին սպիտակ գույն ուներ: Արքունիքը տարված էր հրաշք մանչուկի խնամքով: Ծովի տիրակալն ուզում էր, որ իր որդին շրջապատված լինի ամենագեղեցիկ իրերով, ամենահոգատար դայակներով: Բոլոր հպատակները նվերներ էին բերում արքայազնի համար. էլ պես-պես խցիներ, գույնզգույն գոհարներ, էլ սպիտակ լոտոսներ: Պետք է ասեմ, որ դա մեր երկրի ամենագեղեցիկ ծաղիկն է: Եվ քանի որ այդ ծաղիկն արքայազնի նման սպիտակ էր, ուստի ժաղովուրդը թագաժառանգին սկսեց կոչել Լոտոս անունով:

Օրերից մի օր դղյակ եկավ մեդուզան: Դա մի լպրծուն ու ութոտնանի արարած է:

_Ով մեծազոր Տիրակալ,_ խոնարհվեց նա,_ես աշխարհի ամենահոգատար դայակը կլինեմ մեր արքայազնի համար: Նրա դայակները նույնիսկ երկու ոտ չունեն, իսկ ես ութն ունեմ: Հայտնի բան է, որ ես ավելի լավ դայակ կլինեմ որդուդ համար…

Ահա այսպես լեզու թափեց ստոր մեդուզան և Տիրակալը հավատաց նրան, քանզի նրա սիրտը այքան լի էր սիրով, որ կասկածի ու անվստահության համար տեղ չէր մնացել: Դու մի ասիլ, այդ սրիկան պայմանավորվել էր շնաձկների պարագլխի հետ և մտադիր էր փախցնել ու սպանել արքայազնին: Եվ ահա մի օր, երբ նա մուշ-մուշ քնած էր իր անկողնում, մեդուզան գողանում է նրան ու փախչում դղյակից: Բոթն իմանալուն պես Ծովի Տիրակալի սիրտը երկու կես է լինում: Հայտնի բան է, որ սիրող սիրտը փխրուն է լինում: Շնաձկները ներխուժում են մեր երկիր և հիմնահատակ կործանում մարգարտյա դղյակը: Երկրում սկսում են տիրել կարիքն ու չարիքը: Ես հենց այդ ժամանակ ծնվեցի: Տատս ստիպված էր կողովն առած ամեն օր գնալ ջրիմուռների մութ անտառը, որպեսզի կերակրեր ինձ ու եղբայրներիս: Ես շատ էի խնդրում, որ ին էլ իր հետ տանի, բայց նա ասում էր, որ դա վտանգավոր է: Մի օր ես թաքնվեցի մի մեծ տերևի տակ, և երբ նա դուրս եկավ, գաղտագողի հետևեցի նրան: Նա անընդհատ գնում էր դեպ խորքը, թեև սիրտս մարում էր վախից, բայց ես սուսուփուս հետևում էի նրան: Հանաք բան չկարծե՛ս, ախր ես առաջին անգամ ականջ չէի դրել նրա խրատնրին: Հանկարծ… ես նշմարեցի մի խոշոր ձկան: Նա տեղավորվել էր մթին թավուտում, բայց ես նկատեցի, որ ձուկն անսովոր բաց գույն ունի: Սիրտս սկսեց ուժեղ թխկթխկալ:

_Ողջու՜յն, հսկա Լոտոս,_լսվեց տատիս այնը,_ քեզ համար քաղցր ծովակաղամբով կարկանդակ եմ բերել, որպեսզի շուտ մեծանաս ու շնաձկներին քշես մեր երկրից:

_Ինչպես երևում է, այսօր ուղեկից ունես, Ձու՛կ տատիկ,_հանդարտ, ազդու ձայնով խոսեց հսկան:

Ես մի կողմ նետվեցի, բայց արդեն ուշ էր, ըստ երևույթին, ես անակնկալից այնպես էի ապուշ կտրել, որ մոռացել էի կարգին թաքնվել: Տատս տեսավ ինձ և ամեն ինչ հասկացավ:

_Ախ դու անպիտա՛ն, հապա այստե՛ղ արի, արքայա՛զն, սա իմ թոռն է, նա գաղտնի հետևել է ինձ: Խոստանում եմ,որ եթե  փորձի մի խոսք ասել, ես ինքս կկտրեմ նրա լեզուն:

Ես սարսափեցի տատիս սպառնալիքից, քանի որ գիտեմ, որ նա իր խոսքի տեր ձուկ է: Փորձեցի կարեցածիս չափ պատշաճ կերպով խոնարհվել  և կմկմալով հավաստիացրի, որ ոչ ոքի չեմ ասի իր գաղտնիքը: Այդ օրից սկսած մենք ալցելում էինք արքայազնին, քաղցրավենիք էինք տանում կամ պարզապես զրուցում էինք: Պետք է ասեմ, որ նա բարի էր ու սիրալիր: Տատս պատմեց ինձ, որ երբ մեդուզան արքայազնին տանելիս է եղել շնաձկների պարագլխի մոտ, ճամփին հոգնել ու քնել է: Ամենքն էլ հո գիտեն, որ նա քնկոտ ու դանդաղկոտ արարած է: Երբ մեդուզայի շոշափուկ-թաթերը փոքր-ինչ թուլացել են, խիզախ արքայազնը դուրս է պրծել, փախել և ապաստանել ջրիմուռների անտառում: Տատս այդտեղ էլ գտել է նրան ու ամենքից թաքուն հոգ տարել: Իսկ շնաձկները մինչև հիմա էլ չեն սիրում մեդուզային, որովհետև կարծում են, թե նա խաբել է իրենց ու մի հուսալի տեղ թաքցրել արքայազն Լոտոսին:

Կետ-արքայազնը շատ արագ էր մեծանում. Շուտով նրան թաքցնելն անհնար կլիներ:  Պետք է մի բան մտածեինք: Ջրիմուռներից հսկայական ծածկոց հյուսեցինք և գցեցինք նրա վրա: Բայց դա էլ չէր օգնում, արդեն լուրեր էին տարածվում հսկա սարի մասին, որն աճում ու աճում էր: Ու մի օր էլ, երբ տանն էինք, հանկարծ ինչ-որ աղմուկ լսեցինք. մեր տան մոտով սլանում էր շնաձկների վայրագ շքախումբը:

Ես դուրս սահեցի և հարցրի առաջին պատահածին.

_Այս ու՞ր է գնում պարագլուխը:

_Չգիտե՞ս ինչ է, հրաշք-սարը տեսնելու…

Մարմնովս սարսուռ անցավ, չէ՞ որ հրաշք-սարը հենց ինքը՝ Սպիտակ Լոտոսն է: Օ՛յ, հիմա ի՞նչ կպատահի մեր արքայազնին, մի՞թե նա կզորի հարյուրավոր շնաձկների հախից գալ:

Ես կարճ ճանապարհով սուրացի նրա մոտ ու շնչակտուր ասացի.

_Գալի՛ս են… գալի՜ս…

Լոտոսի աչքերն այնպես կայծկլտացին, որ նույնիսկ ես, որ ծանոթ էի նրա բարեսիրտ խառնվածքին, քիչ մնաց սրտաճաք լինեի:

_Դրանք այս զբոսանքը չե՛ն մոռանա:

Քիչ էր մնում վախից ուշաթափվեի, երբ տեսա շնաձկների երկար շարասյունը: Նրանք մոտենում ու մոտենում էին սարին: Մեկ էլ հանկարծ… սարը կիսվեց ու մի ահռելի երախ բացվեց:

… Երբ ուշքի եկա, շնաձկները չքվել էին, իսկ Լոտոսը ժպտում էր: Այո, այո՛… ես առաջին անգամ տեսա նրա ժպիտը:

_Իսկ ո-որտեղ են… ն-նրանք,_կմկմացի ես:

_Ես կուլ տվեցի բոլորին:

_Կկու՞լ… տ-տվեցի՞ր,_ականջներիս չհավատացի ես ու կարծես սկսեցի հասկանալ._ուզում ես ասել, որ մենք ազա՞տ ենք, որ դու մեր արքա՞ն ես:

Սպիտակ կետ-արքան ուրախ գլխով արեց ու ասաց.

_ Իսկ հիմա արի գնանք, մեզ սպասում են:

Ես հրճվանքից գլուխկոնծի տալով հետևեցի նրան:

Միայն թե տեսնեիր, թե մեզ ինչ փառքով ընդունեցին: Բոլոր ձկներն իրենց մամռածածկ տներից ու ջրիմուռե այգիներից ելել ու գոչում էին.

_Կեցցե՛ Սպիտակ Լոտոսը, կեցցե մեր անվախ արքա՛ն:

Ուու՜հ, ինչ խնջույքներ արեցինք, ինչ հյուրեր ունեինք… նույնիսկ Գերագույն Կախարդն էր եկել. դե նա՝ով Ծովի Տիրակալի մոտ էր եկել: Հետո նոր դղյակ կառուցեցինք՝ էլ ավելի շքեղը: Պետք է ասեմ, որ Սպիտակ Լոտոսը չմոռացավ մեզ ու մի սիրուն, մարգարտե դղյակ նվիրեց: Տատս հիմա ծերացել է ու տնից դուրս չի գալիս, միայն երբեմն գնում է իր հսկա սանիկին տեսության: Սպիտակ Լոտոսը մեզ միշտ մեծարանքով է ընդունում: Նա ուժեղ է, ազնիվ, բարի և երբեք չի նեղացնում իր հպատակներին:

Հանկարծ ծովի մեջտեղից ջրի շիթ բարձրացավ, իսկ և իսկ շատրվան:

_Դա Լոտոսն է՝ Սպիտակ կետ-արքան: Նա ողջունում է քեզ, ես նրան պատմել եմ մեր բարեկամության մասին:

Ես կանգնեցի քարին ու ձեռքով արեցի, ի պատասխան ջուրը նորից շատրվանեց:

_Դու նրան դուր եկար: Գիտե՞ս, դու մի քիչ նման ես մեր ջրահարսներին…

Ես այնքան հուզված էի, որ ոչինչ չասացի:

_Խոստանու՛մ եմ, մի ուրիշ անգամ կպատմեմ նրանց մասին, գուցե նույնիսկ ծանոթացնեմ, հը՞…

Ձկնիկն ուրախ շարժեց արծաթե պոչիկն ու անհետացավ կապույտ ալիքներում:

 

ՆԵԼԼԻ ԲՐԱԳԻՆԱ

1038 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *