Բանաստեղծություններ Ամանորի մասին

ՆՈՐ ՏԱՐԻ

Ահա՛ հասավ Նոր տարի,
Հետը բերեց նոր բարի,
Մանըր տըղոց` ուրախ օր,
Բարի զավակ` հորն ու մոր:
Մանըր տըղայք են ուրախ,
Ունին կաղին, կոզինախ,
Սալորի չիր, չամիչ, թուզ,
Փըշատ, ունաբ ու ընկույզ:
Մանըր տըղայք` չի մոռնաք,
Աշխարհքումըս չեք մենակ,
Ուրիշ շատ խեղճ տըղայք կան
Աղքատ և անօգնական:
Նոքա հայր և մայր չունեն,
Սև չոր հացի կարոտ են.
«Աղքատներին ողորմած
Եղե՛ք», կասե ձեզ աստված:

Ռաֆայել Պատկանյան

 

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես.
Նորեկ տարի,
Մի խոտ, մի բույս
Ո՜չ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի:

Հովհ. Թումանյան

 

Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:

Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չըլացի:

 

Թե ձմռանը, թե ամռանը
Նա ունի կանաչ ճյուղեր,
Հրաշքի է նման տանը`
Տոն է իր հետ նա բերել:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:
Տոնի ծառ է նա իսկական,
Տարեմուտ է ,Նոր Տարի,
Հեքիաթի է նման այնքան
Խնդությունը   շուրջպարի:

 

***

Ձմեռ պապ, տես, չուշանաս,
Նոր տարին է մոտենում,
Քնով չանցնես, մոռանաս,
Թե ես որտեղ եմ մնում:
Երկար եմ քեզ սպասել,
Մի տարի չես երևում,
Անհամբեր եմ ես դարձել,
Որքան տոնն է մոտենում:
Ես արդեն գրագետ եմ,
Նամակ կարող եմ գրել,
Պապիկ,քեզ որտեղ գտնեմ,
Ասեմ ինչ բերես  նվեր:
Բարձիս տակ եմ ես դրել
Նամակը իմ քեզ գրած,
Գիտեմ, քնած կլինեմ,
Երբ  գիշերով մոտս գաս:

977 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *