Գլուխգովան իշուկը. հեքիաթ

    Նա թավշյա սպիտակ մռութ ուներ և գեղեցիկ, թախծոտ աչքեր, երկար խլուշ-խլուշ ականջներ ու մոխրագույն մազափնջով պոչիկ: Նա ամբողջ օրն արածում էր ծաղկած մարգագետնում, փնչալով խոտերի ու ծաղիկների վրայից փչում էր փոշին ու ախորժակով ծամում: Փոքրիկ սմբակներից կայծեր թռցնելով տրտինգ էր տալիս ու զվարթաձայն <<իա>>՜ կանչում: Ընդհանրապես նա շատ ուրախ ու զվարճալի արարած էր: Իշուկը համոզված էր, որ ինքն աշխարհի ամենագեղեցիկ,

ամենաարագավազ, ամենախելոք կենդանին է: Դե ձայնի մասին էլ չենք ասում: Ո՞վ կարող էր տարակուսել, որ նրա նման շնորհալի երգիչ կա աշխարհի որևէ անկյունում:

_Մա՜,_ձայն էր տալիս նա,_ճի՞շտ է, որ ես գեղեցիկ եմ, խելացի ու արագավազ:

_Ճիշտ է, մոխրագույն ձագուկս,_գլխով էր անում մայր իշուհին,_դու ամենա-ամմմենա լավն ես:

Իշուկը հրճվանքից գլուխկոնծի էր տալիս ծաղիկների գորգի վրա և զիլ ձայնարկում իր <<իա՜>>-ն:

Բայց վերջերս մեր իշուկը ինչ-որ մտածկոտ էր դարձել: Կիսածամել խոտը բերանի մեջ կարող էր ժամերով նայել հորիզոնին: Նա նույնիսկ սկսել էր ինքնիրեն խոսել: Դե ինչ, փորձենք աննկատ մոտենալ և լսել, թե ինչ է փնթփնթում նրա թավշե մռութիկը:

_Ի՛նչ եմ ամբողջ օրը վեր ընկնում մարգագետնում,_հոգոց հանեց նա,_հեռվում այնքա՜ն հրաշալի երկրներ կան: Ո՜նց կզարմանան, երբ տեսնեն ինձ՝ ամենագեղեցիկ, ամենախելոք ու արագավազ կենդանուն: Ո՛վ գիտե, երևի դեռ թագավոր էլ հռչակեն, իսկ ես էստեղ թավալ եմ

տալիս: Չէ՛, պետք է մի բան անել, որոշված է. վաղն ևեթ ճամփա եմ ընկնում:

Լույսը դեռ չէր բացվել, երբ իշուկը բոլորից թաքուն ծլկեց մարգագետնից: Նա սմբակները համաչափ կտկտացնում էր արահետի վրա և ականջները թեքում աջուձախ, պոչիկն աշխուժորեն պտտում մարմնի շուրջը: Գնա՜ց, գնա՜ց ու շուտով հեռվում մի զմրուխտե անտառ տեսավ: Ամեն ինչ այնքան նոր էր ու անծանոթ: Խորհրդավոր խշշում էին սաղարթախիտ հսկա ծառերը, ամենուր մանուշակագույն ստվերներ էին թափառում: Հապա ծաղիկնե՜րը… այնպիսի զարմանահրաշ գույների ու

ձևերի ծաղիկներ կային, որ մեր իշուկն իր օրում չէր տեսել: Նրա բերանն ուղղակի բաց էր մնացել:

_Է՜յ, դու՛,_հանկարծ մի ծղրտուն այն լսվեց իշուկի ոտքերի մոտից,_ քիչ մնաց սուր սմբակովդ տանս առաստաղը քանդես, ուշքդ վրադ պահի՛ր, անբանի՛ մեկը…

_Ն-ն-ներեցեք,_ իշուկը նայեց ներքև ու տեսավ խլուրդին,_ես ամենևին չէի ուզում ձեր տան առաստաղը քանդել, ազնիվ խոսք, ուղղակի ճամփորդում եմ:

_Ուրեմն այս կողմերից չե՞ս,_աչքերը կկոցեց խլուրդը,_լա՛վ, առաջին անգամ մեծահոգաբար ներում եմ, իսկ ու՞մ հետ պատիվ ունեմ զրուցելու,_միանգամից քաղաքավարի դարձավ խլուրդը:

_Աշխարհի ամենագեղեցիկ, ամենախելոք ու արագավազ կենդանու հետ,_հպարտորեն հայտարարեց իշուկը:

Խլուրդն անակնկալից ետ-ետ գնաց:

_Ահա՜թե ինչ, բարեկա՛մս, ուրեմն ճիշտ ժամանակին ես հայտնվել մեր կողմերում: Հենց այսօր համաանտառային մրցումներ են կայանալու: Շտապի՛ր և հերթագրվի՛ր, որ կարողանաս մասնակցել ու հաղթել:

_Օ՛յ, ի՛նչ լավ է, _տրտինգ տվեց իշուկը,_ա՛յ թե ցույց կտամ ինձ, կարող եմ դրսևորել իմ բոլո՜ր տաղանդները: Շնորհակալություն, քեռի Խլու՛րդ, լավությունդ չեմ մոռանա:

Երբ իշուկը մի քիչ էլ առաջացավ, հայտնվեց մի ընդարձակ բացատում: Այնտեղ կային շատ կենդանիներ, որոնք բոլորն էլ արտակարգ եռուզեռի մեջ էին: Իշուկի ուշադրությունը գրավեց մի խոշորատառ ցուցանակ՝ ԸՆԴՈՒՆՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ: Մեծատառ մակագրությունը փակցված էր մի մեծ կոճղի վրա: Կոճղի ետևում՝ աշխուժորեն ճտպտալով, կաղնու տերևներն էին դասավորում երեք փափկամազ սկյուռ:

_Ներեցե՛ք, մրցույթին մասնակցելու հարցով ձե՞զ պետք է դիմել, հարգարժա՛ն սկյուռեր,_երկչոտ հարցրեց իշուկը:

_Մե՛զ… մեզ պետք է դիմել,_շուտասելուկի պես կրկնեց սկյուռիկներից մեկը, մի նոր տերև քաշեց առաջն ու ձեռքն առավ փետուրե գրիչը,_ ունենք մի քանի մրցույթներ՝ գեղեցիկ պոչ, խելացի գլուխ, երգեցիկ ձայն և արագ ոտքեր: Ո՞ր անվանակարգում եք բարեհաճում մասնակցել:

_Բոլո՛ր,_ ինքնավստահ արտաբերեց իշուկը:

Խեղճ քարտուղարուհի սկյուռիկի աչքերը ճակատին թռան, փետուրե գրիչը չխկոցով ընկավ գետնին. Մինչ մյուս սկյուռները խոտերի մեջ

փնտրում էին փետուրը, նա զարմանքից ճպճպացնում էր կլորիկ աչքերը և ուշադիր զննում այցելուին.

_Բ-բայց դուք վստա՞հ եք,_կմկմաց նա:

_Միանգամա՛յն,_իշուկը մարտականորեն փքեց կուրծքն ու անշարժացավ:

_Լա՛վ, այդ դեպքում եկեք լրացնենք ձեր տտվյալները, այնուհետև ազատ եք, կարող եք պատրաստվել մրցումներին:

_Ես հիանալի մարզավիճակում եմ,_իշուկը ժպտաց՝ մերկացնելով իր խոշոր, փայլուն ատամնաշարը:  Շուտով շեփորներն ի լուր ամենքի հայտարարեցին մրցախաղերի հանդիսավոր մեկնարկը: Անթիվ գազանային ու թռչնային հայացքներ սևեռվեցին հատուկ այդ իրադարձության համար զարդարված մրցասպարեզին: Ահա և ներկայացավ պատվավոր ժյուրին՝ երկարավիզ ընձուղտը, մռթոշ արջը և իմաստասեր բուն: Նրանք արժանապատվորեն բազմեցին իրենց հատկացված կոճղերին: Արջը բազմանշանակ մռթմռթաց. ինչն արջերեն երևի նշանակում էր. <<Տեսնե՛նք, տեսնե՜նք>>: Ընձուղտն է՛լ ավելի ձգեց վիզը, իսկ բուն նրբակիրթ շարժումով ուղղեց

ակնոցը: Թիթեռնիկ փողկապով պճնված հաղորդավար ոզնին վերջին անգամ տկտկացրեց միկրոֆոնը և հատու ձայնով սկսեց իր ելույթը.

_Զմրուխտե անտառի հարգարժա՛ն բնակիչներ, բոլորիդ հրավիրել ենք ներկա գտնվելու հիրավի աննախադեպ իրադարձության: Այսօ՛ր, այս բացատու՛մ, բոլորիս աչքի առջև անկողմնակալ ու անաչառ ժյուրին կընտրի լավագույններին: Մրցույթներն անց են կացվելու մի քանի անվանակարգերում: Հաղթողները կստանան ճոխ նվերներ: Այժմ ազդարարում եմ <<Գեղեցիկ պոչ>> մրցույթի սկիզբը: Խնդրում եմ ծափողջույններով դիմավորենք մեր մասնակիցներին, ահա և նրանք…     Շարքով ասպարեզ եկան համարակալված մասնակիցները: Նրանց թվում էին սամույրը, աղվեսը, սկյուռը, սիրամարգը, դրախտահավը և ինչ խոսք, մեր հին ծանոթ իշուկը: Նա հարդարել, բուրումնավետ յուղերով օծել էր իր պոչի մազափունջն ու ինքնագոհ ժպիտով ցնցում էր այն: Բոլոր մասնակիցները մեկ-մեկ առաջ էին գալիս և ի տես ժյուրիի ցուցադրում իրենց պոչերի գեղեցկությունը: Նախ շողոմ ժպիտով  ներկայացավ աղվեսը, պտտվեց և՛ աջ, և՛ ձախ, հետո սամույրը ցույց տվեց իր փայլուն պոչը, որը լույսի տակ տարբեր երանգներ էր ստանում՝ մուգ շագանակագույնից մինչև դեղնաոսկեգույն: Երբ սիրամարգը հովհարի նման բացեց իր պոչը, բոլորն ուղղակի հայիլ-մայիլ եղան: Ասես այն շողում էր ծիածանի բոլոր գույներով: Հանդիսականների շարքերով զմայլանքի <<ախ>> անցավ : <<Ոչինչ,_մտածում էր իշուկը,_շուտով իմ հերթն էլ կգա, այ զարմանալը նոր կտեսնեք>>: Վերջապես հերթը նրան էլ հասավ: Նա հպարտ-հպարտ առաջ եկավ և ժյուրիի քթի տակ ցնցեց պոչը: Մռթոշ արջը չդիմացավ ու փռթկաց, ակնոցավոր բուն հայացքով սաստեց նրան, իսկ  ընձուղտը շարունակում էր անվրդով ձգել վիզը:

_Եվ այսպես,_բլբլաց ոզնին,_այժմ պատվարժան ժյուրին կհրապարակի վճիռը: Խոսքը տրվում է իմաստասեր բուին:

_Ըհը՛, ըհը՛,_կոկորդը մաքրեց բուն:

Ժյուրին միաձայն որոշեց <<Գեղեցիկ պոչ>> մրցույթի հաղթող ճանաչել սիրամարգին:

Իշուկի աչքերն իսկույն կսկծացին հուսախաբության արցունքներից: <<Անաչառ ժյուրի,չէ մի չէ~,_մտածեց նա,_ոնց էլ ձևացնում են, թե չեն նկատել իմ աննման պոչի գեղեցկությունը, բայց ես դեռ ձեզ ցու՛յց կտամ>>:

Հաջորդ մրցույթը <<Խելացի գլուխ>> անվանակարգն էր: Մռթոշ արջը ծանրորեն վեր կացավ կոճղից և ասաց.

_Բարեկամներս, հիմա ես ձեզ կառաջադրեմ մի խնդիր, և նա, ով ամենաշուտը կտա ճիշտ պատասխանը, կճանաչվի այս մրցույթի միանձնյա հաղթողը: Որեմն այսպես. Մի անգամ իմ երկու քոթոթների հետ զբոսնելիս գտանք երկու տանձենի ու թափ տվեցինք դրանք: Մեկի վրայից ընկավ 137 տանձ, իսկ մեկելի վրայից՝ 215 տանձ: Ես կերա 50 տանձ, իսկ քոթոթներիցս յուրաքանչյուրը՝ 25-ական տանձ: Մնացած տանձի կեսը ես շալակեցի, մյուս կեսը երկու մասի բաժանեցին և շալակեցին քոթոթները: Քանի տանձ կար յուրաքանչյուրիս կապոցում:

Իշուկը դեռ չէր հասցրել առաջին երկու թվերը գումարել, ինչպես հարկն է, երբ օձը հանդարտ ֆշշացրեց.

_Խնդրի պատասխանը պատրաստ է. 126 տանձ կար արջի կապոցում, իսկ քոթոթներից յուրաքանչյուրի կապոցում կար 63–ական տանձ:

_Բրավո՛,_թմբլիկ թաթերով ծափ զարկեց արջը,_ահա և մեր մրցույթի հաղթողը: Օ՜, մտքի ինչպիսի ճկունություն և արագություն: <<Խելացի գլուխ>> կոչմանն արժանանում է օձը:

Իշուկի գլխին ասես մի մեծ կաթսա սառը ջուր շրջեցին, նույնիսկ նրա սրունքները զայրույթից դողացին: <<Ա՛յ քեզ անպատկառ օձ, հաստատ արջին հիպնոսացրեց և դուրս կորզեց պատասխանը, հո իզուր չեն ասում, որ օձի աչքերը կախարդական զորությամբ են օժտված: Բայց դեռ կտեսնե՜ք, թե ձեր գլխին ի՛նչ օյին կբերեմ, խարդախնե՛ր, ոչի՜նչ, դեռ երկու մրցույթ կա:>>

Սուլիչն ազդարարեց վազքի մեկնարկը և մասնակիցները պոկվեցին տեղներից: Հինգ վայրկյան անց իշուկը զգաց, որ ետ է մնում, մինչդեռ նրան թվում էր, թե աշնանային քամուց արագ է սուրում: Բայց նա որոշել էր հաղթել և վազեց ինչքան ուժ ուներ ոտքերում, լարումից նույնիսկ աչքերը դուրս պրծան: Բայց մասնակիցները հեռանում ու հեռանում էին, իշուկի սիրտը քիչ էր մնում պայթեր: Նա մի անգամ էլ փորձեց ցատկով կրճատել տարածությունը և քիչ մնաց փռվեր գետնին: Արդյունքում նա վերջնագծին հասավ վերջինը: <<Արագ ոտքեր>>  մրցույթում հաղթեց նապաստակը:

Բայց դեռ մնացել էր ևս մեկ մրցույթ: Թերևս ամենակարևորն ու պատվաբերը: Հաղթանակի հավակնորդները շատ-շատ էին՝ և՛ խայտաբղետ սերինոսը, և՛ անտառային ֆլեյտան, և՛ դեղին պիրոլը, և՛ սոխակը: Բոլոր երգիչների կատարումները հաջող անցան, բայց երբ իշուկը սկսեց իր զիլ <<ի աա՜>>-ն, ինչ-որ սարսափելի բան կատարվեց: Հանդիսականները զույգ ձեռքերով փակեցին իրենց ականջները, սկսեցին դոփել ու շվացնել: Իշուկի ձայնը խլացավ այդ աղմուկի մեջ, նա գլխիկոր հեռացավ ասպարեզից, բայց ոտքերը հրաժարվում էին նրան պահել: Դրանք երերացին և չլմը՜փ… խեղճ իշուկը փռվեց գետնին: Վազելով եկան աղվեսիկ-սանիտարները ու ջերմաչափը դրին նրա  անութի տակ: Պարզվեց, որ ջերմությունը բարձր էր. ուղիղ քառասունու՛թ աստիճան: Իշուկը տենդի մեջ զառանցում էր.

_Դուք չգիտե՜ք… ես ամենա-ամենա իշուկն եմ: Ես բողոքարկում եմ, սա խարդախությու՜ն է… Ի աա՜, ես մայրիկիս եմ ուզում:

_Որտե՞ղ է քո մայրիկը, հասցեն ասա,_հորդորեց իմաստասեր բուն,_մենք սուրհանդակ կուղարկենք նրա մոտ:

_Կանաչ մարգագետին, վարդենու թուփ   #3,_ հազիվհազ շշնջաց իշուկն ու ընկավ ինքնամոռացության մեջ:

Երբ բացեց աչքերը՝ իր վրա խոնարհված տեսավ մայր իշուհու հոգատար ուվախվորած աչքերը:

_Խենթու՜կս, իմ լա՛վ իշուկ, մի՞թե կարելի էր այդպես վախեցնել մայրիկին: Որքա՜ն եմ քեզ փնտրել, իմ փոքրիկ տղա…

_Մայրի՛կ, ուզում եմ ականջիդ մի բան ասել:

Մայրը գլուխն ավելի հակեց, ականջը մոտեցրեց նրա մռութին:

_Ոչի՞նչ, որ ես աշխարհի ամենա-ամենան չեմ: Դու էլի սիրու՞մ ես ինձ:

_Հիմարի՛կս,_բարի ժպտաց իշուհին,_դու ինձ համար միշտ էլ կմնաս աշխարհի ամենասքանչելի իշուկը: Ամենա՛-ամենա՛… հասկանու՞մ ես:

_Ու՜խ, մա՛մ, ճի՞շտ,_ իշուկն իսկույն վեր թռավ ու ամուր գրկեց մայրիկի տաք պարանոցը: Նրա աչքերը հաճույքից կայծկլտում էին: Չնայած ամեն ինչին, չնայած իր կրած անհաջողություններին՝ նա զգաց, որ ինքը աշխարհի ամենաերջանիկ իշուկն է:              Նելլի Բրագինա

297 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *