ԴՈԴՈՇՆ ՈՒ ԹՈԹՈՇԸ. հեքիաթ գորտերի մասին

Բիլ լճակի ափին ապրում էին երկու գորտուկներ. Մեկը Դոդոշն էր, մյուսը՝ Թոթոշը: Առհասարակ նրանք հաշտ ընկերներ էին: Միայն հազվադեպ, շատ հազվադեպ էին վիճում:  Այդ ժամանակ Թոթոշը փքվում էր և ձայնը գլուխը գցած ծղրտում.

_Դմբլո՜ Դոդո՜շ…

Սա Էլ իրեն չէր կորցնում, կլորիկ աչքերն էլ ավելի էր կլորացնում ու մարտական զիլ շեփորի պես կանչում.

_Թմբլո՜ Թոթո՜շ…

Եվ ամենավատն, իհարկե, այն էր, որ այս ամենը լսում էին բոլոր-բոլորը. և՛ երեքնուկները, և՛ կռատուկները,և՛ տերեփուկները: Սա հո իսկական խայտառակություն էր խեղճ Թոթոշի համար: Ախր նա շատ էր ուզում հմայիչ ու գեղեցիկ գորտուհի համարվել: Ամեն առավոտ նա աստղանման, մանրիկ ծաղիկներից պսակ էր հյուսում և շորորալով զբոսնում լճափին: Երբեմն էլ ժամերով հիանում էր ջրում արտացոլված իր աննման տեսքով: Ուստի բնական է, որ լսելով այդ թմբլոն, նա վշտացած ֆսֆսում էր, հետո խռոված քաշվում կռատուկի լայն տերևի տակ ու մտովի բազմիցս երդվում, որ էլ չի խոսելու դմբլո Դոդոշի հետ: Բայց քիչ հետո վառ կանաչ, թարմ ջրիմուռների մի փունջ թաթի մեջ բռնած հայտնվում էր Թոթոշը.

_Թո՜-թո՜-թո՜-թո՜-շո՜…

Ոչ մի արձագանք:

_Թոթոշիկ-անուշիկ,

Տե՛ս, երել եմ ջրիմուռ,

Դե մի մնա այդպես լուռ,

Պրպտել եմ ամեն քունջ

Ու քաղել եմ մի լավ փու՜նջ…

Թոթոշը մի քիչ բարձրացնում էր կռատուկի տերևն ու գորտուկավարի հմայիչ ժպտում: Հետո հաշտված ընկերները քաղցրահամ ջրիմուռ էին խրթխրթացնում և տոտիկներով չլմփացնելով ընկնում մոծակների ետևից: Դոդոշն ու Թոթոշը մոծակների ցեղի անհաշտ թշնամիներն էին: Այդ ավազակ մոծակների զորաբանակն առաջ հաճախ էր ասպատակում Բիլ լճակի շրջակայքը:

_Տզզ…զզզ… Մենք ճահիճ կդարձնենք Բիլ լճակը…տզզ…_ աներեսաբար սպառնում էին նրանք և իրենց սուր կնճիթները ցցում:

Եվ Բիլ լճակը շատ էր վախենում,  նա ամենևին չէր ուզում ճենճահոտ ու տաղտկալի ճահիճ դառնալ: Եվ հենց Դոդոշն ու Թոթոշը փրկեցին նրան: Այդ խիզախ պաշտպանները կուլ էին տալիս բոլոր այն մոծակներին, որոնք համարձակվում էին դզզալ Բիլ լճակի մոտերքում:

Հաճախ գորտուկները ցատկոտում էին լճակի շուրջն ու ձայնները գլուխները գցած երգում: Խոսքը մեր մեջ, նրանք այնքան էլ շնորհալի երգիչներ չէին, բայց վստահ էին, որ ճիշտ հակառակն է: Մեր երաժիշտներն աշխարհում ամենից շատ սիրում էին անձրևի մեղեդին: Երբ անձրևի կաթիլները ճլթում ու ճողփում էին լճակի ջրերում, Դոդոշն ու Թոթոշը  ուղղակի ցնծությունից խելքները թռցնում էին: Նրանք զվարթ կանչերով ձայնակցում էին անձրևի երգին և կրակոտ պար բռնում հորդառատ շիթերի ներքո:

Այդ օրն էլ կարծես արտառոց ոչինչ չկար: Սովորականի պես շիկնած- ամոթխած ժպտում էր Արփին և սովորականի պես այս ու այն կողմ էին վազվզում Բիլ լճակի պսպղուն ալիքները: Դոդոշն ու Թոթոշը մեկնվել էին կռատուկի տերևներին և սովորականի պես արևհարում էին իրենց սպիտակ փորիկները: Մեկ էլ Թոթոշը տեսավ մի հսկա, երկարաոտ թռչունի, որն ինքնագոհ տեսքով շրջում էր քիչ հեռվում: Բայց ամենասարսափելին անծանոթի կտուցն էր:

_Դո՜-դո՜-դո՜-շո՜…_վախից կակազեց Թոթոշն ու սողոսկեց տերևի տակ:

_Հը՞, ինչ կա՞, ինչ ես նվնվում._Դոդոշը հովեկի անփույթ հանգստությամբ ոտը ոտին գցեց:

_Էն… էն… էն… հսկան ո՞վ է,_նորից կակազեց Թոթոշը:

_Ու՞ր է._ գլուխը բարձրացրեց Դոդոշը,_Էյ դու՛, սպիտակ լողլոո՛ղ…

_Սսսս… կամաց…._փորձեց սաստել Թոթոշը:

Թռչունը ցնցեց վիզն ու նայեց նրանց կողմը՚

_Դուք՞ ինձ նկատի ունեք, հարգելիս:

_Հապա էլ ու՞մ,_քրքջաց Դոդոշը, բայց ճիշտն ասած նրան էլ դուր չեկավ անծանոթի կտուցը, այն ինչ-որ շատ էր սուրսայր…

_Դուք Բիլ Լճակի բնակիչնե՞րն եք:

_Հաաա՜_ծոր տվեց Դոդոշը,_էստեղի տեր ու տիրականը մենք ենք, իսկ դու ո՞վ ես:

_Պարտքս եմ համարում հայտնել, ով պատվական տանտերեր, որ վայել չէ հյուրին դիմել նման անվայել անուններով: Ճիշտ է, ես սպիտակ եմ, բայց ամենևին էլ լողլող չեմ: Ինչպես մայրիկս է ասում, ես սլացիկ ոտքեր ունեմ և իմ անունը Կարմրակտուց արագիլ է:

_Օհոոո՜, ինչ էլ երկար անուն է,_սուլեց Դոդոշը:

_Ներեցեք, իսկ դուք օտարակա՞ն եք,_ երկչոտ ծվծվաց Թոթոշը:

_Դե, գուցեև կարելի է այդպես ասել,_Կարմրակտուց արագիլը վեհապանծ քայլքով ետ ու առաջ գնաց,_ ես ապրում եմ բարդու կատարին:

_Եվ այնտեղից վար չե՞ք ընկնում:

_Դե ոչ, փոքրիկս, ներողամտորեն ծիծաղեց Կարմրակտուցը,_ես մի տաքուկ ու հարմարավետ բույն ունեմ, իսկ ձեր բույնը որտե՞ղ է:

_Մեր տունը հենց Բիլ լճակն է, որ կա:

Բույն բառը նրան դուր չեկավ, իր կարծիքով տուն բառն ավելի բարեհունչ է:

_Թույլ տվեք հարցնել, պատվակա՛ն տանտերեր, իսկ այդպիսի տունը փոքր ինչ մե՞ծ չէ ձեզ համար, ըը…ը,_ Կարմրակտուցն ակնհայտորեն զարմացած էր:

_Ամենևի՛ն, իսկը մեզ համար է: Սրտներս ուզածի չափ չլմփացնում ենք զով ջրում, հետո էլ մեկնվում ափին ու…

_Ու՞…_Կարմրակտուցը վիզը հետաքրքրված առաջ ձգեց:

_Ու երազում,_Դոդոշը մեջքի վրա փռվեց, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպես է երազում:

_Իսկ դա ի՞նչ է._ իրար անցավ Կարմրակտուցը:

_Երազե՞լը._Դոդոշը պլշեց աչքերն ու հանկարծ հռհռաց._ հա՛, հա՛,հա՛… լսու՞մ ես, Թոթոշ:

_Դե, ինչպես բացատրենք…_ժպտաց Թոթոշը,_ դա այն է, որ փակում ես աչքերդ ու ինչ որ լավ , բարի բաների մասին մտածում:  Այ, օրինակ, թե ինչպես ես թռչում երկնքով, իսկ շուրջդ լիքը-լիքը ամպեր են:

_Ոչինչ չեմ հասկանում,_Կարմրակտուցը բարակ ոտները ցցելով թրմփաց խոտերին,_ստացվում է, որ ես ամեն օր երազում եմ, բայց ի՞նքս էլ չգիտեմ այդ մասին: Ախր ես թռչում եմ երկնքով և շուրջս էլ լիքը-լիքը սպիտակ ամպեր են…

_Օ՛յ, փորիկս հիմա կպայթի,_Դոդոշը ծիծաղից երկտակվելով թավալվեց գետնին:

_Ո՜չ, երազները տարբեր են լինում._ բացատրեց Թոթոշը._մենք երազում ենք թռչելու մասին, որովհետև չենք կարողանում թռչել: Դու էլ երազիր, ա՛յ օրինակ լողալու մասին…

_Լողալու՞… բայց  ինչ մի հաճելի բան է դա, որ…_Կարմրակտուցը տհաճությամբ նայեց ջրին,_ոտիկներս ջրի մեջ մի քիչ մնալուց նույնիսկ սառչում են: Էլ ուր մնաց որ…

_Տո խելքի տոպրա՛կ, լողանալուց էլ հաճելի բա՞ն,_վրա նստեց Դոդոշը,_ ինչ ասես, որ չկա ջրի տակ. Էլ ձևավոր ջրիմուռներ, էլ նախշուն քարեր…

_Ճի՞շտ,_Կարմրակտուցն ակնդետ նայեց ջրերին, և նրա աչքերն արևի պսպղուն ցոլքերից շաղվեցին: Նրան թվաց, թե իրոք ինչ-որ զարմանահրաշ բան կա Բիլ լճակի խորքում:

_Լսե՛ք… Դուք լողորդներ եք, իսկ ես թռչուն, չէ՞…

_Ըհը,_Թոթոշը շփոթված նայեց Դոդոշին._հարցն անհեթեթ լինելու չափ տարօրինակ թվաց :

_Դուք ինձ կսովորեցնեք լողալ, իսկ ես ձեզ՝ թռչել: Դե ի՞նչ կասեք, համաձա՞յն եք, վատ միտք չէ՛…

_Այդպես է, բայց…

_Որոշված է._թևիկները թափահարեց արագիլը,_վաղը կսկսենք պարապմունքները: Հիմա պետք է գնալ, մայր արագիլը սպասում է ինձ:

Կարմրակտուցը պատրաստվեց թռչելու, մեկ էլ ինչ-որ բան հիշեց ու թևիկով զարկեց ճակատին.

_Ա՜հ, ինչ մոռացկոտն եմ, ախր ես գործով էի եկել Բիլ լճակ: Դու՞ք պատահաբար չգիտե՞ք, թե ինչպիսին են այդ գորտուկները:

_Գորտուկնե՞րը,_ Դոդոշն ու Թոթոշը իրար նայեցին:

_Իսկ ինչիդ են պետք նրանքա;

_Մայր արագիլն ինձ ասաց, որ դրանք փոքրիկ անճոռնի արարածներ են, որոնք ապրում են Բիլ լճակում: Բանն այն է, որ ես պետք է, որսամ ու ուտեմ այդ գորտուկներին:

Դոդոշն ու Թոթոշը սահմռկեցին:

_Ոչ, ոչ, մենք նրան չենք տեսել:

Կարմրակտուցը հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Քիչ հետո նա թևերը ծալեց և իջավ բարդու կատարին: Մայր արագիլը սպասում էր նրան:

_Դե՛ ինչ, որդի՛ս, քեզ հաջողվե՞ց համեղ գորտուկ համտեսել:

_Ոչ, մայրիկ, բայց ես սովորեցի երազել:

_Խենթու՜կս._մայր արագիլը էևով շոյեց որդու գլուխը:

_Ես երազում եմ լողալ Բիլ լճակում: Այնտեղ ձևավոր ջրիմուռներ ու նախշուն քարեր կան:

_Իսկ չաղլիկ գորտուկնե՞ր…

_Ես նրանց չտեսա, բայց հանդիպեցի երկու փոքրիկ տարօրինակ արարածների: Նրանք կանաչ մաշկ ունեն, պլշած աչքեր ու չռված թաթիկներ:

_ Ախր դրանք էլ հենց գորտերն են,_բացականչեց մայր արագիլը:

_Ի՞ինչ_ ուրեմն նրանք ինձ խաբեցի՞ն:

_Իմ միամիտ, փոքրիկ արագիլիկ , գորտուկները հիմարացրել են քեզ: Վաղը ևեթ գնա Բիլ լճակ, որսա և կուլ տուր նրանց:

Արևի շառագույնը սփռվեց Բիլ լճակի վրա: Հովիկը մի քանի փշուր նեկտար փախցրեց ծաղիկներից: Կարծես թե ամեն ինչ կարգին էր, բայց Բիլ լճակը չէր հասկանում, թե ինչու է ինքը տխուր: Մեկ էլ գլխի ընկավ՝ Դոդոշն ու Թոթո՜շը… Ախր առավոտ կանուխ նրանց երգը չկար: Ահա թե ինչն էր պակասում:

_Դո-դո-շո՜, ինչ ենք անելու՞ՙ, հը՞,_նվազ ձայնով հարցրեց Թոթոշը:

Գորտուկները կծկվել էին կռատուկի թփի տակ:

_Վաղ թե ուշ նա կհասկանա, որ մենք ենք գորտուկները:

_Ու մեզ կուտի, չէ՞._թնկթնկաց Թոթոշը:

_Բա հո սոված փորով թրև չի՞ գալու:

_Իսկ եթե փախչե՞նք:

_Առանց Բիլ լճակի ապրել չենք կարող: Ճամփին շունչներս կփչենք տապից:

_Ողջու՜յն, խորամանկ գորտուկներ,_հանկարծ գլխավերևից լսվեց   Կարմրակտուց արագիլի ձայնը:

_Երեկ ինձ լավ հիմարացրիք, այնպես չէ՞…

_Ը՛, ը՛, ը՛…_տնքացին դժբախտ գորտուկները:

_Իսկ այսօր, պատվակա՛ն տանտերեր, ես ձեզ կուլ կտամ… ձեր երազանքների հետ միասին:

_Ինչի՞դ է պետք մեր երազանքը, չլինի՞ քոնը կորցրել ես,_սիրտ առավ Դոդոշը: Նա անվախ գորտուկ էր:

_Ո՛չ, ինչու՞,_շփոթվեց Կարմրակտուցն ու նայեց Բիլ լճակին. Արծաթի երանգներով կայծկլտում էր ջուրը, իսկ օրորուն ջրիմուռները սահուն պարում էին, նախշուն բազմագույն քարերն ասես ինչ-որ գաղտնիք գիտեին, բայց լռում էին: Այդ ամենն այնքան խորհրդավոր էր ու հետաքրքիր, որ

Կարմրակտուց արագիլի աչքերը մշուշվեցին: Ու նա հաստատ համոզվեց, որ իրեն պետք չեն ուրիշների երազանքները. քանի որ ունի իրենը, իր սեփական երազանքը:

_Ճիշտ եք, ինձ պետք չեն ձեր երազանքները, դե շու՛տ, ինչ-որ տեղ կորցրեք նրանց, որպեսզի ձեզ կուլ տամ:

_Դա անհնար է, հարգելի՛ս, մենք չենք կարող բաժանվել նրանցից, այնպես որ ստիպված կլինես նրանց էլ մեզ հետ կուլ տալ:

_Ըհը՛,_ աշխուժացավ Թոթոշը,_և գլխումդ իսկական խառնաշփոթ կսկսվի: Եվ փորիկդ էլ այնպես կցավի, որ հոնգուր-հոնգուր լաց կլինես, ախր ո՞վ է տեսել, որ ուրիշի երազանքները կուլ տան, հը՞…

_Բա հիմա ի՞նչ անեմ,_հուսահատվեց Կարմրակտուցը._այդ դեպքում էլ ձեզ չեմ կարող կուլ տալ:

_Է՛հ, դու էլ կուլ մի՛ տուր,_անփույթ ձևացավ Դոդոշը:

Կարմրակտուցը մտածեց, մտածեց ու ասաց.

_Գիտեք, ես հենց նոր մի երազանք էլ հորինեցի: Ուզում եմ թռչել հեռու-հեռու ու տեսնել, թե որտեղ է Արևի տունը:

Կարմրակտուցն այնքան էր տարվել մտքերով, որ մոռացել էր երկրորդ ոտքը գետնին դնել: Ու այդպես էլ կանգնել էր՝ մի ոտքի վրա, և նայում էր փրփրուն ամպերին: Քիչ հետո ուշքի եկավ, թափահարեց հսկա թևերն ու վեր բարձրացավ:

_Մնա՜ք բարով, բարեկամնե՜րս, ես ձեզ կուլ չեմ տա, բայց ոչ թե նրա համար, որ ինձ ձեր երազանքները հարկավոր չեն, այլ որովհետև ուզում եմ, որ երազանքները շատ լինեն աշխարհում, տարբեր ու շատ…

Արագիլի սպիտակ ուրվագիծը շուտով հալվեց վետվետուն ամպերի երանգներում:

Ամեն առավոտ, երբ Արփին իր տաք ափով շոյում էր Բիլ լճակի հայելին, արթնանում և իրենց ցողոտ գլխիկներն էին թափահարում կապույտ տերափուկները: Եվ հանկարծ լսվում էր.

_Թո-թո-թո-շո՜…

_Դո-դո-դո-շո՜…

Այնուհետև երկու գորտուկները բարի օր էին մաղթում Բիլ լճակին ու ուրախ երգում: Առհասարակ նրանք հաշտ ընկերներ էին և միայն հազվադեպ, շատ հազվադեպ էին վիճում:

Դե ինչ, բարեկա՛մս, ահա և դու կարդացիր այն հեքիաթը, որտեղ պատմվում էր, թե ինչպես երազանքները փրկեցին Դոդոշին ու Թոթոշին: Երազանքները կարող են շատերին փրկել ու շատ բան փոխել այս կյանքում… Դու էլ սովորիր երազել, և թող այդ երազանքները լինեն տարբեր ու շատ:

 

Նելլի Բրագինա

 

313 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

1 Մեկնաբանություն

  1. Ժաննա says:

    Գեղեցիկ ու բարի հեքիաթ է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *