Ինչից են վախենում մեր փոքրիկները. հոգեբանի խորհուրդները

imagesՀոգեբան Հասմիկ Արամյանը ընդհանուր հոգեբանությունից իր հետաքրքրությունը մասնավորեցրեց դեպի մանկական հոգեբանություն այն ժամանակ, երբ ամուսնացավ: Հասմիկի խոսքով, երեխային շրջապատող որևէ իր, երևույթ նրա համար մանրուք չէ, եթե անգամ մեծահասակները դրա վրա տարիներով ուշադրություն չեն դարձնում: Այդ երևույթներն են ձևավորում երեխայի խաղաղությունը, զարգացումը, աշխարհայացքը, տալիս ապահովության կամ վախի զգացողություն:

Երեխայի մեջ վախի զգացողություն, որքան էլ տարօրինակ է, սերմանում են հենց ծնողները, և հատկապես` մայրը: Հոգեբանն ասում է, որ եթե երեխան ձեռքը տանում է դեպի տաք արդուկը կամ էլ էլեկտրական վարդակն ու մայրն անմիջապես սարսափահար ճիչ է արձակում, ապա հաջորդ անգամ այդ իրերին մոտենալիս նա անպայման հիշելու է մոր դեպքի արտահայտությունն ու հետ է քաշելու ձեռքը: <Սրանք, այսպես կոչված, պետքական վախեր են,- ասում է հոգեբանը,-երեխային հեռու են պահելու իր կյանքն ու առողջությունը վնասող երևույթներից>:

Կան նաև վախ առաջացնելու անիմաստ ու անհասկանալի ձևեր, օրինակ, երբ մեծահասակները երեխայի վրա գոռում են ու վախեցնում <մեշոք պապիով>, չար կախարդով ու չգիտես էլ ինչ երևակայական կերպարով, միայն թե երեխան խելոք անի այն, ինչ իրենք ցանկանում են: Այդ պահին, գուցե երեխան իսկապես անի իրենից պահանջվածը, բայց դա երեխայի հոգեբանության վրա մեծ հետք է թողնում:

Հոգեբանի խոսքով իսկական անմտություն է այն, որ երեխային վախեցնում են բժշկով` եթե ճաշդ չուտես, հենց հիմա բժիշկ եմ կանչում, կամ էլ թե` շուտ քնիր, քանի բժիշկը, ասեղը ձեռքին, չի եկել: Մինչդեռ պետք է անել ճիշտ հակառակը, քանի որ բժիշկն այն մարդն է, ում իր կյանքի առաջին տարիներին երեխան անպայման հանդիպելու է, իսկ այդ վախերի հետևանքով երեխան բժշկի սպասասրահում այնպիսի մի ձայն կբարձրացնի, որ բոլորին կհավաքի գլխին:

Շները, կատուներն ու մյուս կենդանիները ևս վախն ավելացնելու ձևեր են: <Արագ կեր ճաշդ, թե չէ շունը կգա ու ամբողջը կուտի` քեզ էլ հետը>, բավական է նման մի արտահայտություն, որ երեխան միանգամից ուտի ճաշը` արցունքների հետ միասին: Ու նրա մեջ ձևավորվում է կենդանիների հանդեպ ատելություն ու վախ:

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս ու հորդորում` պետք չէ կեղծ վախեր սերմանել երեխայի մեջ, դա սխալ է, քանի որ այդ վախերը խաթարում են երեխայի այդքան նուրբ ու խոցելի  հոգեբանությունն, ու երեխան ամբողջ կյանքում դրա հետևանքները կրում է իր մեջ:

8911 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *