Մոնթե Մելքոնյան

Monte_Melkonian

Մարդն, ով ճանաչել է Մոնթեին, միաժամանակ երջանիկ է ու դժբախտ: Երջանիկ է, քանի որ տեսել, շփվել, վայելել է մեկի ներկայությունը, որը մաքրության մարմնացում էր, և դժբախտ է, քանի որ Մոնթեից հետո նա իր ողջ կյանքում շարունակելու է աշխարհի ամենատարբեր անկյուններում փնտրել մաքրության այդ տեսակի երկրորդ մեկին ու չի գտնելու… Մոնթեին ճանաչող դժբախտ ու երջանիկ մարդիկ են ասում:

Մոնթեի տեսակը, որ շաղավիղն է Նահապետ Հայկի և Առյուծասիրտ Մհերի, Արցախի կանչին չպատասխանել չէր կարող: Այդ կանչը, որ Մոնթեի ականջներում պիտի հնչեր, որպես <Կռունկ>, <Դլե յաման> ու <Քելե, լաո>, հեռավոր ԱՄՆ-ում ապրող երիտասարդի հոգին պիտի տակնուվրա աներ ու բերեր հասցներ Մռավի ձյունոտ լանջերին:

Իր բանտված հայրենիքի մարտիկը դառնալու երդումը Մոնթեին նախ բերեց Լիբանան, ուզում էր հայրենիքին մոտ լինել ու սովորել հայերեն: Մոնթեն, որ ընդունվել էր Օքսֆորդի համալսարան, հրաժարվում է սովորել այնտեղ, ավելի կարևոր գործեր կային, հարկավոր էր պաշտպանել Լիբանանի հայկական թաղամասերը, որոնք բռնկած կռվի ժամանակ հայտնվել էին կրակի մեջ: Մի կողմ թողնելով սեփական կարիերան` Մոնթեն երկու տարի նվիրվում է  այդ թաղամասերի պաշտպանությանը:

monte2

1991թ. սեպտեմբերն էր, Մոնթեն, որն արդեն Ավո էր դարձել, Արցախի Շահումյանի շրջանում էր, մասնակցում էր ինքնապաշտպանությանը: Շահումյանում  երեք ամիս մնաց, առջևում Մարտունին էր` Արցախի ամենաթեժ ու ամենաթույլ պաշտպանություն ունեցող տարածքը: Այստեղ նրան նշանակեցին ռազմական շտապի պետ: Նելսոն Սողոմոնյանն այն ժամանակ  Մարտունիում գումարտակի հրամանատար էր: Երբ Մոնթեն առաջին անգամ նրան ներկայացավ ու արևմտահայերերով սկսեց հարցուփորձ անել, գումարտակի հրամանատարը նեղսրտեց ու մի քիչ չհավանեց Մոնթեին: Բայց  շատ կարճ ժամանակ էր պետք համոզվելու, որ երկրագունդը ոտքի տակ տված այս մարդու հայրենասիրությունը չափելու համար չափման նոր միավոր էր պետք հնարել, եղածները բավականացնել չէին կարող:

 Շտաբի պետից Մոնթեն հրամանատար դարձավ: Նրա առաջին գործը տարածքի զինված ուժերը մեկ առ մեկ հաշվելն ու համակարգելն էր: Այդ ընթացքում նրան հաջողվում է իրար գլխի համաքել բոլոր ուժերն ու Մարտունու շրջանը կուռ պաշտպանության տակ առնել:

Մարդկային ու մարտական այն որակները, որ ուներ Ավոն, նրան դարձրել էին անսասան հեղինակություն, նրա խոսքին առարկություն չէր լինում, կասկածի բոլոր տեսակի որդերը անհետանում էին Ավոյի ձայնի աներեր հնչերանգից:

monte3

Ավոյի համար կարգապահությունն ամենակարևորն էր: Մի անգամ նա մի քանի զինվորի պատժում է ու ուղարկում է զինվորների պատժախուց` տասնօրյա կալանքի: Հանկարծ թուրքերն անսպասելի հարձակում են գործում և նրանց դիմակայելու համար հարկավոր են լինում օգնական ուժեր: Մոնթեն հրամայում է պատժված զինվորներին էլ իրենց հետ վերցնել: Թշնամուն կարողանում են հետ շպրտել, շտաբ են վերադառնում ու իրենց հաղթանակը մի փոքրիկ խնջույքով նշում: Պատժված զինվորները, որ արդեն պատժախցի մասին մոռացել էին, սառում են իրենց տեղերում, երբ Մոնթեն հրամայում է, որ նորից պատժախուց գնան:

 Չափազանց զգացմունքային լինելով, կամքի մեծ ուժ ուներ: Ընկերները պատմում են, որ մեկ շաբաթ ուտելու ոչինչ չեն ունենում: Տղաները, առանց Մոնթեի իմացության, որոշում են որս անել: Մոնթեն իմանում է, ու զայրույթը զսպել էլ չի լինում. <Փամփուշտն անտեղի վատնել չի կարելի, բանակինն է>:

Գիտակցական ու ենթագիտակցական բոլոր մակարդակներում հայրենիքի ազատությունը երազող Մոնթեն հայրենիքին էր նվիրվել անմնացորդ: Մարտունեցիները նրան էին վստահել իրենց կյանքն ու ճակատագիրը ու չէին սխալվել, Մոնթեն աստված էր մարտունեցիների համար, եթե Մոնթեն այնտեղ էր, ուրեմն թուրքն այնտեղ ոտք դնել չէր կարող: Եվ այս վստահությունը հենց այնպես չէր, մարդիկ տեսել էին, որ Մոնթեի ղեկավարությամբ Մարտունու տարածքը ոչ մի թիզ հող չկորցրեց, նվաճումներ ու հաղթանակները գալիս էին մեկը մյուսի հետևից:

Այդ օրն առանձնակի ուրախ էր, կարողացել էին ոչնչացնել Աղդամի կրակակետերը: Հարկավոր էր դիրքավորել մեր ուժերն ու պնդացնել պաշտպանական գիծը: Մոնթեն անձամբ էր հսկում ու ղեկավարում այդ ամենը: Հանկարծ թշնամու մի զրահամենքենա ասես գետնի տակից ծլեց մեր տղերքի դիմաց: Մարտն առճակատ էր ու անհավասար: Թուրքի արձակած մի գնդակ գտավ հերոսին: 1993-ի հունիսի 12-ն էր: Մռավի ձյուներից պոկված  քամին զգույշ օրորում էր Ավոյի երազներն ու աշխարհին պատմում ազատության զինվորի նվիրումի լեգենդը:

 

 

7770 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *