Ռուբեն Սևակ, մեծ մարդասերը

0990

1912 թվականին Լոզանից գրած իր մի նամակում Ռուբեն Սևակը հայտնում էր իր վերջին փափագը: Լինել երկրագործ, կյանքի վերջին տարիներն անցկացնել լռության և բնության մեջ: Ամենավերջին տարիները… Այդ ժամանակ Սևակն ընդամենը 27 տարեկան էր: Կանխազգում էր մոտալուտ վախճանը, թե սա պոետին բնորոշ աստվածորեն ապրելու ձգտում էր:Ռուբեն Սևակը ծնվել է 1885 թ. փետրվարի 15-ին Սիլիվրի գյուղում: Երկաթագործ հայրն անում էր ամեն ինչ, որպեսզի զավակները հիմնավոր կրթություն ստանան: Ռուբենը նախ սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝Պարտիզակի ամերիկյան վարժարանում,ավարտել է նաև Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը, Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։ Այս տարիներին Սևակը ծանոթանում է գերմանական բարձր դասի ընտանիքի դստեր` Յանիի հետ: Այս կնոջը վիճակված էր ունենալ մաքուր ու հեքիաթային սեր, բայց ավաղ,  ողբերգական ավարտով:Ուսանողական տարիներից արդեն Սևակը տպագրվում էր մամուլում: 1910-ին հրատարակվեց Կարմիր գիրքը բանաստեղծությունների ժողովածուն: Սևակն ուզում էր բանաստեղծությունները հավաքել ու Սիրո գիրքը, Քաոսը, վերջին հայերը խորագրով ժողովածուներ դարձնել, բայց չհասցրեց, բանաստեղծություններն այդպես էլ ցրված մնացին ամենատարբեր պարբերականներում:Սիրո, բնության, սոցիալական, ազգային-հայրենասիրական թեմաներին նրա անդրադարձներն իրենց հաստատուն տեղն ունեցան արևմտահայ գրականության մեջ: Անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարները ևս նրա ստեղծագործության առանցքում էին: Սևակը նաև արձակ էր ստեղծագործում: Առաջին պատվածքներին հաջորդեց <Բժշկեն գիրքեն վերցված էջեր> շարքը, որ նա տպագրում էր մամուլում: Այս շարքը ևս Սևակին չհաջողվեց ավարտին հասցնել:

 

Եվրոպայում ապրելու, իր ընտանիքի համար հանգիստ ու ապահով կենցաղ ստեղծելու հնարավորությունները Սևակը թողեց ու ընտանիքի հետ միասին եկավ Պոլիս: Թուրքական յաթաղանն արդեն գործի էր անցել: Սևակի կինը` Յաննին հենց նավահանգստից հորդորեց ամուսնուն` թե հետ գնանք, չհավնեցա այս երկիրը, բայց Սևակը հաստատ էր իր որոշման մեջ: Աշխատանքի անցավ, դասախոսություններ էր կարդում բժշկական հաստատություններում, նաև ընկերների հարազատ միջավայրում էր և ծաղկում էր նաև նրա ստեղծագործ միտքը: Բայց թուրքի ոճրագործ միտքն արդեն հղացել էր ծրագիրն ու գրել հայ մտավորականների անուններն իր սև ցուցակում: Սևակն այդ անունների շարքում էր: Ձերբակալվեց ու աքսորվեց: Այդ օրերի վկայությունները փաստում են, որ աքսորի ժամանակ նույնիսկ Սևակը մարդկային իր ամենաբարձր որակներ է ցույց տվել ու բուժել թուրք աղջկա: Բայց իր վերքը ոչ ոք չբուժեց, իր ու իր ընկերների ճակատագիրն արդեն վաղուց էր գժված: Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակն ու մյուս մտավորականները մարդիկ էին, որոնցից հարկավոր էր րոպե առաջ ազատվել, ազգի ողնաշարը կոտրել էր պետք, և թուրքերն արագ ձեռնամուխ եղան եղեռնագործ ծրագրի իրականացմանը:Ընդամենը 30 տարեկան էր Սևակը, բայց այդ տարիքում արդեն նրա անունը արևմտահայ  գրականության դասական անունների շարքում է: Իսկ նրա ստեղծագործությունները` հայրենասիրությամբ և մարդասիրությամբ լեցուն, ճշմարիտ ապրելու ու ճշմարիտ արժեքներ դավանելու ուղենիշներ են, որոնք կյանքով լեցուն են մինչև օրս:

 

3060 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *