ՓՆԹԻ, ԾՈՒՅԼԻԿ ՍԵՆԻԿ – ԲԵՆԻԿ

brothers-cartoonՏատիկն ունի երկու թոռնիկ՝
Անունները՝ Սենիկ, Բենիկ,
Երկու եղբայր իրար նման,
Մեկը մեկից ծույլ ու անբան:

Առավոտյան մի կերպ՝ զոռով
Արթնանում են դժգոհելով,
Անկողինը չեն հավաքում,
Հեռախոսից չեն բաժանվում:

Մեկ մայրիկն է զայրանում,
Մեկ հայրիկն է խառնվում.
-Արագացրե՛ք, արագ շարժվե՛ք
Ախր դասից ուշանո՜ւմ եք…

Նվնվալով լվացվում են,
Դանդաղ-դանդա՜ղ հագնվում են,
Գիրք ու տետր՝ ցաք ու ցրիվ,
Գտնվում են հազիվ-հազիվ:

Մեկ Սենիկն է ողբում, լացում,
Մեկ Բենիկն է հեկեկում,
Տխուր, կարմրած թաց աչքերով
Պետք է դպրոց գնան վազքով:

Բայց, դե արդեն ուշացել են,
Ներե՛ք, դասղեկ ու տնօրեն,
Տղաները այս թափթփված
Գուցե մի օր լինեն ուղղված:

Ճաշի ժամն է. երկու եղբայր
Տուն են գալիս դպրոցից,
Պայուսակ ու դրսի կոշիկ
Թողնում անկարգ ցաք ու ցիր:

Առանց ձեռքեր լվալու
Խոհանոց են շտապում,
Ախորժակով ուտում եփած
Ճաշ կամ սմբուկ տապակած,
Խմում հյութեր տեսակ-տեսակ
Եվ վայելում պաղպաղակ,
Վայելում են, սակայն հետո
Սեղանն էլ չեն հավաքում,
Փշրանքները թափթփում են,
Բայց հատակը չեն ավլում:

-Ես չեմ թափել, ինչու՞ մաքրեմ,-
Դժգոհում է Բենիկը,
-Բա կարող ա՞, որ ես մաքրեմ,-
Փնթփնթում է Սենիկը :

Միմյանց վրա բարդելով՝
Վեճ ու աղմուկ են սարքում,
Գոռգոռալով, բղավելով
Տատիկի սիրտն են մաշում:

Հետո դասեր պիտի սերտեն,
Բայց ձգում են, ձգձգում.
-Հեսա, հեսա, հեսա կանեմ…
Մինչև օրն է վերջանում:

Այդ ամենը գուցե ներենք՝
Կմեծանան, կփոխվեն,
Սակայն ինչպե՞ս չհարցնենք,
Թե եղունգներն ու՞ր են:

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ի՞նչ հարցնենք,
Այդ ձեռքերին ո՞նց նայենք.
Կեղտոտ եղունգների տակ,
Հաստատ, ճիճվի ձվեր կան:

Եղբայրները միշտ թաքուն
Եղունգներն են կրծմրծում.
Ամոթ էլ է ասելը՝
…Կուլ են տալիս կրծածը:

Ճիճուների ձվերից
Փորում կաճեն որդերը:
Ատամները կթափվեն,
Մատները կծռմռվեն…

Բենիկ, Սենիկ, լավ լսե՛ք,
Աշխատասեր դուք դարձե՛ք,
Մի՛ հոգնեցրեք մայրիկին,
Մի՛ զայրացրեք հայրիկին,
Դասերը լավ սովորե՛ք,
Դպրոցից մի ուշացե՛ք,
Դարձե՛ք խելոք, մաքրասեր,
Ազնիվ, ուրախ լավ ընկեր:
Էլ եղունգներ մի՛ կրծեք՝
Աղջիկներից ամաչեք.
Ի՞նչ տղա եք անատամ,
Ձեռքի մատներն՝ անխնամ :                                                                                                                                                              Զեմֆիրա Սարգսյան

1481 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *